Թումանյանական բանաստեղծություններ

ՄԱՆՈՒԿՆ ՈՒ ՋՈՒՐԸ
(ժողովրդական)

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մըթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

ՏԵՐԵՎԱԹԱՓ

Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
Ասավ քամին տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։

Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ…
Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,

Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այսուհետև
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ…

Տերևները հենց լսեցին,
Նախշուն, նախշուն գույներ հագան,

Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։ 

Աշուն
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն
Անտառը կրկին
Ներկել է նածշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բույն։

Continue reading »