Սրամիտ երիտասարդը

Արամ քեռիս շատ էր սիրում պատմել թագավորի և երիտասարդի պատմությունը: Թագավորը հակված էր անհեթեթ ու ծիծաղալի մտքերի, իսկ նրա երիտասարդ խորհրդականն ավելի ողջամիտ ու խելացի էր, քան թագավորն ու նրա բոլոր նախնիները միասին վերցրած:

Մի երեկո թագավորն ասում է.

– Մինչև լուսանալը ինձ պետք է զեկուցես, թե քաղաքում քանի կույր կա:

– Լսում եմ, – պատասխանում է երիտասարդը, – ամեն բան հասկանալի է:

Եվ հեռանում է, որպեսզի պատասխան գտնի այդ անհեթեթ խնդրին:

Անմիջապես կանչում է մի փորձառու հաշվապահի, նստեցնում է ախոռի ամենագեղեցիկ ձիու վրա, գրիչն ու տետրը ձեռքն է տալիս և կարգադրում քաղաքով մեկ շրջել իր ետևից և հաշվառել հանդիպած բոլոր կույրերին: Ապա հաստ պարանով եղրևանու մի մեծ ճյուղ է կապում ձիու թամբին և ճյուղը ետևից քարշ տալով, սկսում է շրջել քաղաքով:

Որոշ ժամանակ անց հանդիպում է մի ծերունու, ով նրան տեսնելով, բացականչում է.

– Ա’յ որդի, ի՞նչ ես անում:

Երիտասարդ հաշվապահի կողմն է շրջվում և ասում.

– Այս մարդը կույր է, սկսի’ր հաշվել:

Հաջորդ փողոցում մի կին գլուխը դուրս է հանում շքեղ տան պատուհանից և ձայնում.

– Այդ ի՞նչ եք անում, երիտասարդ:

Եվ երիտասարդը հաշվապահին կարգադրում է շարունակել հաշվառումը:

Մինչև առավոտ կույրերի թիվը ներառում է քաղաքի բոլոր բնակիչներին, և խորհրդատուն ու հաշվապահը ձիերի գլուխները դեպի արքայական պարտեզն են շրջում: Նրանք դեռ շարունակում էին իրենց ետևից քարշ տալ եղրևանու ճուղը:

Առաջադրանքներ

  • Քո կարծիքով Երևանում քանի՞ կույր կա։
  • Եթե երիտասարդ խորհրդականի փոխարեն լինեիր, ի՞նչ կանեիր։
  • Այս առակի նման մի հորինուկ հորինի՛ր և նկարագրի՛ր հորինուկի հերոսներին։
  • Քո կարծիքով ինչու՞ նրանք քաղաքի բոլոր մարդկանց կույր համարեցին։
  • Դուրս գրի՛ր ընդգծված բառերի հականիշները և հոմանիշներ։
  • Ինչպիսի՞ն էր թագավորը։

Կատակասեր հիմար խելացի տգեղ

  • Դուրս գրի՛ր քեզ համար անհասկանալի բառերը կամ անհասկանալի հատվածը։
  • Այս բառերով կազմիր բառակապակցություններ։

Երիտասարդ, ծերունի, ձի, հաշվապահ, ճյուղ, անհեթեթ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով